ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար
27.02.2009 | 00:00

ԺԽՏՈՂԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»
Այս տարվա սկզբին Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը քվեարկությամբ որոշեց, որ Կանադայի այս խոշորագույն քաղաքի բոլոր ավագ դպրոցների աշակերտները պետք է «Ցեղասպանություն. պատմական և ժամանակակից հետևանքները» թեմայով պարտադիր դասընթաց անցնեն, որտեղ հատուկ բաժին կա նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Շուտով դպրոցական խորհրդի բոլոր անդամները նամակ ստացան Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր Գենթեր Լյուիից, ով հանդիմանում էր նրանց Հայոց ցեղասպանությունը ողջակիզման հետ նույն շարքում դասելու համար: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ համայնքի ողբերգական ճակատագիրը բացատրվում է պատերազմի շրջանում խիստ ձախողված անվտանգության միջոցառումներով, ոչ թե մանրակրկիտորեն կազմակերպված ցեղասպանությամբ»,- ասված էր նամակում։
Լյուին ամերիկացի գիտնականների, ազդեցություն վաճառողների և ինտերնետային կայքերի օպերատորների ցանցի այն չափազանց ակտիվ անդամներից է, ովքեր ամեն տարի հարյուր հազարավոր դոլարի ֆինանսավորում են ստանում Թուրքիայի կառավարությունից` Հայոց ցեղասպանության հերքումն առաջ մղելու համար: Ցանցն այնքան ազդեցիկ է, որ անցած տարվա աշնանն այն կարողացավ շրջանցել թե՛ պատմական իրողությունը, և թե՛ հսկայական քաղաքական ճնշումը` համոզելով ամերիկացի օրենսդիրներին և նույնիսկ նախագահին` նահանջել իրենց քաղաքական դիրքորոշումից:
Նմանատիպ ռևիզիոնիստական պնդումներով է Լյուին հանդես գալիս 2005-ին տպագրված «Հայերի ջարդերն Օսմանյան Թուրքիայում. վիճելի ցեղասպանություն» վերնագրով իր գրքում, ինչպես նաև դասախոսություններում, որոնցով նա հաճախ հանդես է գալիս երկրի տարբեր համալսարաններում: 2007-ի մարտին ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում` զոհված հայերի սահմռկեցուցիչ թիվը նա վերագրեց «ապաշնորհ կառավարմանը» և ընդգծեց. «Չպետք է մոռանալ, որ հսկայական տարբերություն կա ապաշնորհության, նույնիսկ այն ապաշնորհության, որը ողբերգական հետևանքներ է ունեցել, և մտադրված զանգվածային սպանությունների միջև: 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած աղետալի դեպքերը հայերն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թուրքերի մեծ մասն այս դրվագը համարում է պատերազմի շրջանում իրականացված վերաբնակեցում, ինչն անհրաժեշտ էր դարձել հայկական փոքրամասնության դավաճանական պահվածքի պատճառով: Վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, շարունակվում է մոտ 100 տարի, և հարթվելու ոչ մի նշան առայժմ ցույց չի տալիս»:
Բայց միայն հայերը չեն, որ այս սպանդը ցեղասպանություն են անվանում։ Ըստ հավատ ներշնչող պատմաբանների ճնշող մեծամասնության` կատարվածի կարևորագույն մանրամասները էական անհամաձայնության տեղիք չեն տալիս: ՈՒ թեև ցեղասպանությունը հերքելու Լյուիի ձևն ավելի նուրբ է, քան ողջակիզումը հերքողներինը, որոնք հայտարարում են, թե Օսվենցիմում գազախցիկներ չեն եղել, այն պատմությունը վերասրբագրելու պակաս ամոթալի փորձ չէ:
2005-ին Թուրքիայի կառավարությանը հղած նամակում ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որը բաղկացած է որևէ կառավարության հետ առնչություն չունեցող հարյուրավոր անկախ գիտնականներից, և որոնց աշխատանքն ունի տասնամյակների պատմություն և ընդգրկում է բազմաթիվ երկրներ ու ազգություններ, հայտարարել է. «Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում գերիշխող կարծիքը մեկն է: Գիտական ապացույցները վկայում են հետևյալը. 1915 թ. ապրիլի 24-ին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարությունը ծրագրված ցեղասպանություն սկսեց իր հայ քաղաքացիների` անզեն քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ: Ավելի քան մեկ միլիոն հայ ոչնչացվեց ուղղակի սպանությունների, սովամահության, խոշտանգումների հետևանքով և բռնագաղթի ընթացքում` «մահվան ճանապարհներին»: Հայ բնակչության մյուս մասը դիմեց փախուստի` ընտրելով մշտական աքսորի ճանապարհը: Այսպիսով, հնագույն մի քաղաքակրթություն բնաջնջվեց իր 2500 տարվա հայրենիքում»:
ԿՐԿՆԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած փորձագետների այս հստակ ձևակերպմանը` Թուրքիան քաղաքական լծակներ է օգտագործում և միլիոնավոր դոլարներ ծախսում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարցը մշուշելու նպատակով և մտահոգող հաջողության է հասնում նույնիսկ կառավարության ամենաբարձր մակարդակներում: Անցած տարվա աշնանը Թուրքիայի կողմից վճարվող լոբբիստները փակեցին ցեղասպանությունը հիշատակող Կոնգրեսի բանաձևի ճանապարհը` օրենսդիրներին համոզելով փոխել իրենց նախապես հայտարարած դիրքորոշումը: Նույնիսկ նախագահ Բուշը նահանջեց:
Ռևիզիոնիստ պատմաբանները, ովքեր կասկածի տակ են առնում Հայոց ցեղասպանությունը և շռայլորեն վարձատրվում Թուրքիայի կառավարության կողմից, քաղաքական գործիչների համար ապահովեցին բոլոր այն ինտելեկտուալ պատճառաբանությունները, որոնք նրանց անհրաժեշտ էին պնդելու համար, թե իրենք պարզապես հրաժարվում են պատմություն թելադրելուց, այլ ոչ թե տեղի են տալիս օտար կառավարության ներկայիս շահերին:
«Այս ամենը վաղուց է պատահել, ու չգիտեմ` կարո՞ղ ենք արդյոք իմանալ` իրականում դրանք ջարդե՞ր էին, ցեղասպանությո՞ւն, թե՞ այլ բան»,- հայտարարեց ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Մուրթան (դեմոկրատ` Փենսիլվանիայից) իր քվեարկության արդյունքը փոխելուց հետո:
«Ամենավերջին բանը, որ պետք է անի Կոնգրեսը, այլևս գոյություն չունեցող կայսրության (Օսմանյան կայսրության) պատմությունը որոշելն է»,- հայտարարեց Ջորջ Բուշը:
Մինչդեռ ցեղասպանագետներն այլ կերպ են դիտում այս հարցը:
«Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է,- ասում է ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ Գրեգորի Սթենթոնը:- Դա տուժող խմբին հոգեբանորեն և մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին նույնիսկ իրենց հարազատների մասին հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»:
Անցած տարի «Էլի Վիզելի` հանուն մարդկության հիմնադրամ»-ը տարածեց մի նամակ, որում դատապարտվում էր Հայոց ցեղասպանության մերժումը: Նամակը ստորագրել էին Նոբելյան 53 մրցանակակիրներ, այդ թվում` ողջակիզմումը վերապրած, քաղաքական ակտիվիստ Վիզելը: Հայոց ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի 90-ամյա արշավը Վիզելը բազմիցս անվանել է կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը:
Բայց այս հարցում նա առաջինը չէր: Դեռևս 1943-ին իրավագիտության պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, որը հետագայում դարձավ Նյուրնբերգյան դատավարության գլխավոր փաստաբան Ռոբերտ Ջեքսոնի խորհրդականը, բացեց «ցեղասպանություն» եզրը` մտքում ունենալով հայերին:
Սթենթոնը, որն ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին պաշտոնյաներից է և հեղինակել է Ռուանդայի գործով միջազգային քրեական դատարան ստեղծելու վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, այս տարվա ապրիլին ելույթ ունեցավ Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված արարողության ժամանակ, որից չորս ամիս առաջ տապալվել էր սպանդի զոհերի հիշատակը ոգեկոչող օրինագծի ընդունումը:
«ԱՄՆ-ի կառավարությունը չպետք է մասնակցի պատմական այնպիսի խոր և կարևոր իրողության քողարկման գործին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, որը Հիտլերը որպես օրինակ օգտագործեց ողջակիզման իր ծրագրում»,- հայտարարեց Սթենթոնը լսարանի առջև, որտեղ կային Հայոց ցեղասպանության երեք վերապրածներ, ներկայացուցիչների պալատի ու սենատի ավելի քան 100 անդամ:
ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ
Հայոց ցեղասպանության հիշողությունը սպանելուն ուղղված ջանքերն սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ անապատային գերեզմանոցներում լեշակեր թռչունները կտցահարում էին զոհերի դիակները: Այդ ժամանակ էր, որ Թուրքիան տարածեց իր առաջին պաշտոնական հայտարարությունը` վստահեցնելով ամբողջ աշխարհին, թե ոչ մի վայրագություն էլ տեղի չի ունեցել: Հայոց ցեղասպանության հերքման Թուրքիայի սկզբնական ռազմավարությունն այդ ժամանակից ի վեր փոփոխությունների է ենթարկվել. նախ այն հերքում էին ընդհանրապես, հետո վիճարկում էին զոհվածների թիվը կամ ջարդերի համար մեղադրում էին քուրդ ավազակախմբերին ու մի քանի սրիկա պաշտոնյաների, կամ պնդում էին, թե սպանված հայերը քաղաքացիական պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից կռվողներ էին:
Ցեղասպանության ժխտման նպատակով Թուրքիան սկսեց ԱՄՆ-ի գործերին միջամտել 1930-ից, երբ թուրք առաջնորդներն ԱՄՆ-ի պետքարտուղարությանը համոզեցին արգելել «Էմ Ջի Էմ» (MGM) ստուդիային` ֆիլմ նկարահանելու «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա, որում Հայոց ցեղասպանության դրվագներ էին պատկերվում:
1982-ին Թուրքիայի կառավարությունը 3 միլիոն դոլար նվիրաբերեց թուրքագիտության ինստիտուտ հիմնադրելու նպատակով, որը Ջորջթաունի համալսարանում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն է և զբաղվում է թուրքանպաստ օրակարգի, ներառյալ` Հայոց ցեղասպանության հերքման առաջմղմամբ: Երեք տարի անց` 1985-ին, «Նյու Յորք Թայմս»-ում, «Վաշինգտոն Փոստ»-ում և «Վաշինգտոն Թայմս»-ում Թուրքիան տեղադրեց ամբողջական էջեր զբաղեցնող վճարովի հայտարարություն` ամերիկացի 69 գիտնականների ստորագրած նամակը, որը կասկածի տակ էր առնում Հայոց ցեղասպանության փաստը: Բոլոր 69 գիտնականներն այդ տարի ֆինանսավորում էին ստացել թուրքագիտության ինստիտուտից կամ Թուրքիայի կողմից հովանավորվող այլ հաստատություններից, ինչպիսին, օրինակ, Անկարայի առևտրային պալատն է, որը Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող կիսակառավարական մարմին է:
(շարունակելի)
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից
http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 3284

Մեկնաբանություններ